Երկուշաբթի, 24.07.2017
"Է Ն Ե Ր Գ Ա Կ Ա Ր Գ Ա Բ Ե Ր ՈՒ Մ" ՓԲԸ
Կայքի մենյու
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0

      Հարգելի  այցելու:

    Ձեզ  ողջունում  է   «Էներգակարգաբերում»  Փակ Բաժնետիրական  Ընկերության  վեբ-կայքը:  Այստեղ  կարող  եք  գտնել  տեղեկություններ  Հայաստանի   էներգահամակարգի  ամենափորձառու   ձեռնարկություններից  մեկի  մասին:  

      Հիմնադրվել   է  1938  թվականին,  որպես  «Հայէներգո»-ի  Կենտրոնական  էլեկտրատեխնիկական  լաբորատորիա (ЦЛАР):  Հիմնական  առաջադրանքն  էր  էներգաօբյեկտների  շահագործման  կատարելագործումը,  դրանց  հուսալիության  և  տեխնիկատնտեսական  ցուցանիշների  բարձրացումը,  ինչպես  նաև  նոր  գործարկվող  էլեկտրակայաններում   և   ենթակայաններում  գործարկման-կարգաբերման   աշխատանքները: 

       Հետագայում   ամբողջ  գործունեությունը  պայմանավորված  էր  էներգահամակարգի  զարգացող  պահանջներով:  Հետպատերազմյան  շրջանում  ձեռնարկությունում  կազմակերպվեց  մշակումն  ու  պատրաստումը  լաբորատոր  էլեկտրաչափիչ  սարքերի  և  ավտոմատիկայի  միջոցների,  որոնք  հույժ  անհրժեշտ  էին  թե'  բուն  ձեռնարկության  տեխնիկական  զինման,  և  թե'  երկրի  մի  շարք  էներգահամակարգերի  կարիքները  բավարարելու  համար:  Առաջին  անգամ  մշակվեցին  և  պատրաստվեցին  հաճախության  ավտոմատ  կարգավորիչ,  ավտոհամաժամիչ  և   ագրեգատների  պտտման  արագության  ունիվերսալ  ռելե,  որոնք  տեղադրվեցին  Քանաքեռ  ՀԷԿ-ում,  Ռիոն  ՀԷԿ-ում,  ԶԱՀԷԿ-ում   և   «Красная  Звезда» ՊՇԷԿ-ում:

50-ական  թվերին  Սևան - Հրազդանյան  կասկադի  կայանները  շահագործման  հանձնվելուն  պես,  օրախնդիր  դարձավ  դրանց  լրիվ  ավտոմատացումը,  ինչն  էլ  «Էներգակարգաբերում»-ի  անձնակազմը  հաջողությամբ  իրականացրեց  սեփական  պատրաստման  ապարատուրայի  գործադրմամբ:  Կատարվեց  նաև  ՁորաՀԷԿ-ի  լրիվ   ավտոմատացումը`  ապահովելով  տնային  հերթապահությանն  անցնելը:  Միաժամանակ  կատարվում  էին  գործարկման  և  կարգաբրման  աշխատանքներ  նորակառույց  էլեկտրակայաններում    և   ենթակայաններում: Առաջին անգամ յուրացվեց 220 կՎ օդային անջատիչների հիմնանորոգումը և կարգաբերումը Աթարբեկյան (այժմ Հրազդանի) ՀԷԿ-ում:

      Հայկական էներգետիկայի զարգացման նոր փուլը նշանավորվեց ջերմաէլեկտրակայանների` Երևանի (1963 թ.), Կիրովականի (1964 թ., այժմ Վանաձորի) և Հրազդանի (1966 թ.) ՋԷԿ-երի շինարարությամբ: Ջերմաէներգետիկայի և ցանցային շինարարության հարաճուն զարգացումը կտրուկ մեծացրեց  «Էներգակարգաբերում»-ի կատարվող աշխատանքների թե' ծավալները, և թե' անվանացուցակը: Սա հանգեցրեց նոր ստորաբաժանումների ստեղծմանը` ջերմային չափումների և ավտոմատիկայի նորոգման-կարգաբերման, էներգետիկական յուղերի քիմիական հսկման, ջրապատրաստման համակարգերի կարգաբերման, մետաղի ու եռակցվածքների հսկման, ջերմամեխանիկական սարքավորումների կարգաբերման և այլն:

     Հանրապետության էներգետիկայի հետագա զարգացումը 1970-80-ական թթ.` Որոտանի ՀԷԿ-երի համակարգի և Հայկական Ատոմակայանի գործարկմամբ հանդերձ, ուղեկցվում էր «Էներգակարգաբերում»-ի առաջանցիկ  զարգացմամբ, ինչն օգնեց իրագործելու ընդհանուր-ճյուղային կարևորություն ունեցող, հաճախ էլ` անդրանիկ անգամ կատարված մի շարք հրատապ աշխատանքներ: Այդպիսիներին դասելի են ՁորաՀԷԿ-ում և Գյումուշ (ներկայիս Արգել) ՀԷԿ-ում ագրեգատների  ակտիվ հզորության խմբային կարգավորումը, հետդարձող խտուցքի  երկաթազերծման էլեկտրամագնիսական զտիչների մշակում-ներդնումը, Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադում հիդրոագրեգատների անջուր (հաճախականային) թողարկումը, և այլն:

    Նշված և համանման  աշխատանքների կատարումը  «Էներգակարգաբերում»-ի համար տեղ հարթեց երկրի էներգետիկ ոլորտի առաջատար կարգաբերող կազմակերպությունների շարքում:

      Հարկ  է    հատուկ  շեշտել  «Էներգակարգաբերում»-ի գործունեությունը 90-ականների անցումային ժամանակաշրջանի ծանր պայմաններում, երբ կանգնեցվել էր ՀԱԷԿ-ը և հայկական էներգահամակարգը հարկադրված էր անցնելու մեկուսացված աշխատանքի: Այդ իրավիճակում առաջ եկան մի շարք անհետաձգելի խնդիրներ, որոնց լուծման համար, պլանային անվանացուցակային աշխատանքներին զուգընթաց, «Էներգակարգաբերում»-ը կարճ ժամկետներում մշակեց և պատրաստեց չափման ռելեական պաշտպանության  ու ավտոմատիկայի բարձրաճշգրիտ միջոցների մի շարան: Դրանցից մի քանիսը (ռելեական պաշտպանության հեռավոր ռեզերվացման УДР  սարքվածք,  ըստ հաճախության անկման արագության բեռնաթափիչ РССЧ-1  ռելե,  ՕԳ-ով ակտիվ հզորության փոխհոսքի ավտոմատ կարգավորիչ САРПАМ-1, և այլն) նմանակներ չունեն:

     1996-1999 թթ. հաջողությամբ իրագործվեց Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության էներգահամակարգերի զուգահեռ  աշխատանքի ապահովման կարևոր առաջադրանքը: Ավտոմատ համալիրի մշակումը, պահանջվող սարքավորումների պատրաստումն  ու  ներդնումը  ապահովեցին  «Մեղրի» 220 կՎ միջպետական ՕԳ-ով ակտիվ  հզորության  հուսալի և  անխափան փոխհոսքը:

    Հիմնադրումից ի վեր Հայաստանի էներգահամակարգում ձևավորվեց արտադրական-փորձարարական և նորոգման-կարգաբերման «Էներգակարգաբերում»  ձեռնարկությունը, որն ունի նշանակալի տեխնիկական ու գործարար ավանդույթներ: Նրա արտադրամասերում և լաբորատորիաներում աճել են մեծ թվով բարձրակարգ մասնագետներ  և  խոշոր գիտնականներ, որոնք ծանրակշիռ ավանդ են  ներդրել  Հայաստանի  էներգետիկայի ոլորտը:

     Արդիական գիտատեխնիկական բազայի և որակյալ մասնագետների առկայությունը «Էներգակարգաբերում»-ին հնարավորություն ընձեռեց իր  ուրույն  տեղը  զբաղեցնելու Հայաստանի  էներգահամակարգի  հուսալի և  անվտանգ  շահագործման, տեխնիկատնտեսական  ցուցանիշների բարձրացման,  ենթակառուցվածքների  զարգացման  գործում  և  զգալի  ավանդ  ներդնել  հիմնական  և   օժանդակ  սարքավորումների  փորձարկման-կարգաբերման,  արատորոշման,  նյութերի  և  սարքվածքների  որակի  մուտքային  հսկողության,  չափումների  ու  լաբորատոր  վերլուծությունների   բնագավառներուում: 

 

 

«Էներգակարգաբերում» ՓԲ Ընկերությունը  ներկայիս  վարչակազմակերպչական կառուցվածքով ստեղծվել  է  Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003թ. մայիսի 2-ի N779-Ա որոշման 1 կետի բ) ենթակետի պահանջներին համապատասխան։

 

 

           

     

             

     

 

 

         

           

Մուտքի ձև
Որոնել
Կայքի գործընկերները
Copyright MyCorp © 2017
Անվճար հոսթինգ uCoz